Մայիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Բերձոր քաղաքում տեղի ունեցավ «Քաշաթաղ+» ինտելեկտուալ փառատոնը, որին մասնակցեց 14 թիմ` Երևանից, Գյումրիից, Ստեփանակերտից, Շուշից, Մարտակերտից, Ասկերանից, Բերձորից, Հադրութից, Քարվաճառից, Գորիսից և Մարտունուց:
Մրցաշարը նվիրված էր Բերձորի ազատագրման 19-ամյակին. մինչ մրցաշարի սկսվելը ինտելեկտուալ մրցույթի մասնակիցներն այցելեցին Բերձորի ազատագրմանը նվիրված հուշահամալիրին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նահատակներին:
Մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել «Պերեզագրուզկա» թիմը(Երևան), «Մաֆիոզի» թիմը (Երևան) երկորդ հորիզոնականում է, իսկ երրորդ տեղը կիսել են միանգամից երեք թիմեր` «Էռոր» (Երևան), «Խորանարդ» (Գյումրի) և «Վարանդա» (Ստեփանակերտ):
Հաղթող թիմերին տվեցին մրցանակներ գրքերի տեսքով` 60 տարբեր գեղարվեստական և ճանաչողական գրականություն: Մրցանակակիրները միաձայն որոշեցին գրքերը նվիրել Բերձորի դպրոցի գրադարանին:
«Քաշաթաղ +» ինտելեկտուալ փառատոնի հովանավորներն են ԼՂՀ մշակույթի նախարարությունը, Բերձորի քաղաքապետարանը, «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, մրցաշարի անցկացմանը աջակցել է նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:
«Երկրորդ անգամ է անցկացվում այս ինտլեկտուալ փառատոնը, որը ԼՂՀ և ՀՀ իշխանություններն իրենց հովանավորության տակ են վերցրել, քանի որ հասկանում են, որ հայկական ինտելեկտն դա այն բրենդն է, որն առանձնակի մեծ ներդրումների չի պահանջում, սակայն որի միջոցով մենք միշտ կարող ենք Հայաստանը արժանապատիվ ներկայացնել դրսում»,-հայտնեց մրցաշարի կազմակերպիչ և վարող Համբարձում Արզանյանը:






